ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Իշխանությունը պահելու մեխանիզմ՝ հակադրությունների միջոցով

Իշխանությունը պահելու մեխանիզմ՝ հակադրությունների միջոցով
25.05.2025 | 14:38

Նիկոլը 2018-ին բոլորին խոստանում էր ամենակարևորը՝ «արժեքային հեղափոխություն»։ Ոչ միայն նոր դեմքեր, նոր իշխանություն, այլև՝ նոր արժեքներ։ Բայց այդ խոստումը այդպես էլ չբացվեց, թե հատկապես ո՞ր արժեքներն էին մերժվելու, և ի՞նչ արժեքներով էին դրանք փոխարինվելու։

Ասեմ ավելին՝ ոչ ոք չհարցրեց, անգամ մոռացան, նաև չպահանջեցին հստակություն։

Այդ օրերին անընդհատ խոսվում էր «արդարությունից», «ժողովրդավարությունից», «թափանցիկությունից», բայց դրանք, ինչպեսև հարյուրավոր այլ խոսքեր, մնացին առանց ինստիտուցիոնալ և գաղափարական բովանդակության։ Արդյունքում՝ հստակ աշխատող և քիչ, թե շատ կայացած համակարգը փոխարինվեց անարժեքայնությամբ, իսկ հեղափոխությունը՝ վարչական իշխանափոխությամբ։

Եվ հենց այդ պահից էլ սկսվեց մեկ ուրիշ գործընթաց՝ հասարակության բաժանումը «լավերի» ու «վատերի», «հպարտների» ու «նախկինների», «հեղափոխականների» ու «դավաճանների», և՝ բնավ ոչ պատահական. դա քաղտեխնոլոգիական գործիք էր։

Նիկոլի կողմից իրականացված հասարակության շերտավորման և պառակտման ռազմավարությունը

մի տեսակ քաղաքական «պատառաքաղ» էր, որը թույլ էր տալիս ղեկավարել՝ միմյանց դեմ հանելով նույն հասարակության տարբեր խմբերին։ Հենց այդ պատճառով էլ քաղաքացիները բաժանվեցին ըստ հավատարմության, ոչ՝ ըստ արժեքների, քննադատությունը հավասարեցվեց դավաճանության։ Դրանից բացի, յուրաքանչյուր խումբ ստացավ իր պիտակը՝ «հակահեղափոխական», «ստրկամիտ», «նախկինների ձայն», «5-րդ շարասյուն», «հիբրիդային փարոս», «ռուսի շպիոն» և այլն: Ըստ էության, կառավարությունը խուսափեց միավորող օրակարգից՝ կառավարելով պառակտումներով։

Իշխանությունն իր շուրջ ձևավորեց «մաքուր ժողովուրդ» ու «արատավոր հասարակություն»։ Սա դարձավ իշխանությունը պահելու մեխանիզմ՝ ոչ թե գաղափարական, այլ սակավ արժեքային լեզվով սնվող հակադրությունների միջոցով։

Այսօր, երբ խոսում ենք հիասթափության մասին, արժե հետ նայել ոչ միայն արդյունքներին, այլ նաև՝ բաց թողած հարցերին: Միգուցե ամենախորը խնդիրը հենց սա էր՝ ոչ թե արժեքային հեղափոխությունը չստացվեց, այլ՝ նույնիսկ չսկսվեց։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3101

Մեկնաբանություններ